Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը Մոսկվային չի հետաքրքրում. Զախարովա

Մոսկվային չի հետաքրքրում Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։


Զախարովան հայտարարել է նաև, որ չգիտի՝ ադրբեջանա-հայկական բանակցություններում քննարկվո՞ւմ է արդյոք Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու հարցը։  


«Ես չեմ տեսել՝ ադրբեջանա-հայկական կամ հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է արդյոք հարց, ինչպես Դուք ասացիք, Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու մասին, որը ՌԴ քաղաքացի չէ։ Եթե ​​դուք ինձ տրամադրեք այդ տեղեկատվությունը, ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ այդ մասին»,- լրագրողին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և խորհուրդ տվել այդ հարցն ուղղել Երևանին և Բաքվին։


Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, և դա գաղտնի կամ չճշտված տեղեկություն չէ։


Զախարովան կրկին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման օգտին: